Այն մասին, թե ինչպես խնամել մեր մազերը ամառային ամենաթեժ՝ ծովափնյա սեզոնին։ 5 խորհուրդ ծովափ մեկնողների համար։
Անահիտ Հակոբյան
օգս 5, 2020 · 2 րոպե
Շատերի մոտ ամառն ասոցիացվում է արևի ջերմության, ծովի, լողավազանների և արևայրուքի հետ։ Բայց արևի ճառագայթները, ծովի աղի ջուրը կամ լողավազանների քլորով հագեցած ջուրը կարող են վնասել մեր մազերը, դարձնել անփայլ, կոտրատվող և թուլացնել արմատները։ Ուժեղ արևը կարող է նաև գունաթափել ներկած մազերը, և արդյունքում սիրելի գույնի փոխարեն գունենաք խամրած և գունաթափված մազեր։
Մազերի խնամքը ծովափնյա սեզոնին կարևոր է ճիշտ այնպես, ինչպես մաշկի խնամքը արևայրուքի ժամանակ։ Արևապաշտպան քսուք և բազմազան յուղեր քսում եք չէ՞, այ մազերն էլ ճիշտ այդպիսի խնամքի կարիք ունեն։
Եկեք տեսնենք, թե ինչ կարող ենք անել մեր սիրելի վարսերի համար ամռանը․
1․ Նվազեցրեք տաք գործիքների օգտագործումը (վարսահարդարիչ, մազի արդուկ, գանգրեցնող սարք)։ Աշխատեք հարդարել մազերը պրոֆեսիոնալ սրահներում՝ նվազեցնելով մազերի վնասման ռիսկը։
Ծովի աղի ջուրը կամ լողավազանի քլորը տաք գործիքների հետ միասին կարող են ձեր մազերին բավականին լուրջ վնաս հասցնել։
2․ Ջուրը մտնելուց առաջ պարտադիր ցնցուղ ընդունեք և լավ թրջեք մազերը։ Աղը և քլորը ջրազրկում են ձեր մազերը, իսկ երբ նրանք արդեն թրջվել են սովորական ջրով, ավելի քիչ են քլոր և աղ ներքաշում։
Կարող եք նաև մազերը խոնավցնող քսուկ քսել մազերին, նոր մտնել ջուրը։
3․ Հին և բարի գլխարկները ոչ մի դեպքում պետք չէ անտեսել։ Եթե հնարավոր է՝ ջրային գլխարկ օգտագործեք, այն հրաշալի կերպով կպաշտպանի ձեր մազերը։ Արևի ճառագայթների ներքո դրեք լայնեզր գլխարկ․ այն միաժամանակ պաշտպանում է մազերը, գլխամաշկը, և դեմքի մաշկը։
4․ Ջրից դուրս գալուց անմիջապես հետո պարտադիր ցնցուղ ընդունեք։ Օգտագործեք արգանի յուղով կամ այլ բնական բաղադրիչներով շամպուն, որը կխոնավեցնի և կերիտասարդացնի ձեր վարսերը։
5․ Ողջ ամառվա ընթացքում ավելի ինտենսիվ օգտագործեք խոնավեցնող քսուքներ, պաշտպանիչ սփրեյներ, սնուցող դիմակներ և օրգանական շամպուններ։
հեղինակ՝
Անահիտ Հակոբյան
Մաշկաբան-կոսմետոլոգ, բյութի էքսպերտ։