Վիտամիններ՝ առողջ մազեր, մաշկ և եղունգներ ունենալու համար

Որո՞նք են այն վիտամինները, որ ապահովում են մազերի շքեղ և առողջ տեսքը, եղունգների ամրությունն ու փայլը, մաշկի թարմությունը։ Ո՞ր մթերքներում գտնել նրանց:

Անահիտ Հակոբյան

հլս 8, 2020 · 5 րոպե


վիտամիններ մազերի համար

Գաղտնիք չէ, որ մազերի, մաշկի և եղունգների առողջության համար կարևորագույն դեր ունեն վիտամիններն ու միկրոտարրերը, որոնք մեր օրգանիզմը ստանում է ամեն օր՝ սնունդի միջոցով։

Առողջ մազերը, շողացող, հարթ մաշկն ու ամուր, առողջ եղունգները գեղեցկության երաշխիքներն են։
Իհարկե, շրջակա միջավայրի աղտոտվածությունը, գենետիկան, տարիքը, հորմոնալ խնդիրները ևս ազդեցություն ունեն մազերի, մաշկի և եղունքների արտաքին տեսքի վրա, բայց կենսակերպն ու սնունդը կարևոր գործոններից մեկն են։

Այսօր կխոսենք վիտամինների դերի և կարևորության մասին․ որտե՞ղ են թաքնված մեր մազերի, մաշկի և եղունգների համար այդքան կարևոր վիտամինները։

B Խմբի վիտամիններ

b vitamin biotin

Մազերի աճի ամենահայտնի վիտամինը բիոտինն է։ Այլ կերպ այն անվանում են նաև «գեղեցկության վիտամին»։
Բիոտինը բալանսավորում է շաքարի մակարդակը արյան մեջ, և շատ կարևոր դեր է խաղում սպիտակուցների յուրացման և ճարպերի այրման պրոցեսում։

Բիոտինի բավարար քանակը Ձեզ կտա առողջ, խիտ մազեր, հարթ և փայլուն եղունգներ, անթերի մաշկ, իսկ դրա պակասն էլ, բնականաբար, կհանգեցնի մազաթափության, անփայլ և պրոբլեմատիկ մաշկի և եղունգների։

B խմբի այլ վիտամինները նպաստում են արյան կարմիր գնդիկների ստեղծմանը, որոնք թթվածին են մատակարարում գլխամաշկին և մազերի ֆոլիկուլներին։

B խմբի վիտամիններ կարելի է գտնել շատ մթերքների մեջ, օրինակ՝ նուշի, հյութեղ տերևներ ունեցող բույսերի, ամբողջահատիկ հացահատիկեղենի, մսի, ձկան, ծովամթերքի մեջ։
Հիմնականում բոլոր վիտամինները կան և՛ կենդանական, և բուսական սնունդի մեջ։
B12 վիտամինն այս առումով բացառություն է, այն պարունակվում է միայն կենդանական ծագման մթերքներում։

Եթե դուք հետևում եք բուսակերական կամ վեգան սննդակարգի, խորհուրդ ենք տալիս B12 ընդունել հավելումների տեսքով։

Վիտամին A

vitamin a

Մեր մարմնի բոլոր բջիջներին աճի համար անհրաժեշտ է վիտամին A։ Այդ թվում նաև մազերը, որոնք մարդու մարմնի ամենաարագ աճող հյուսվածներն են։
Վիտամին A- ն օգնում է նաև մաշկի գեղձերին յուղային նյութ արտազատել, որը կոչվում է սեբում: Սեբումը խոնավեցնում է գլխամաշկը և օգնում է մազերը առողջ պահել։

Վիտամին A-ի դեֆիցիտը սննդակարգում կարող է հանգեցնել լուրջ առողջական խնդիրների, այդ թվում նաև մազերի կորստի։
Խնդիրն այն է, որ վիտամին A-ի չափազանց շատ քանակն օրգանիզմում նույնպես կարող է հանգեցնել խնդիրների, այդ թվում նաև կրկին մազերի կորստի։
Այդ պատճառով էլ վիտամինային հավելումներ ընդունելուց առաջ անպայման խորհրդակցեք բժշկի հետ։

Վիտամին A պարունակվում է բատատի, գազարի, քեյլի, դդումի, սպանախի և շատ այլ բուսական ծագման մթերքներում։ Ավելի ճիշտ՝ նրանք պարունակում են բետա կարոտին, որն էլ օրգանիզմում վերածվում է վիտամին A-ի։

Կենդանական ծագման մթերքները, որոնք հարուստ են վիտամին A-ով, հետևյալն են․ կաթ, ձուկ, ձու, կարագ, ձկան յուղ։
Հետաքրքիրն այն է, որ հենց մսի մեջ այս վիտամինի քանակությունը փոքր է, իսկ լյարդի և երիկամների մեջ՝ անհամեմատ շատ։

Վիտամին C

vitamin c

Մեր օրգանիզմի ծերացումը հետևանք է նաև որոշակի քիմիական ռեակցիաների, որոնց արդյունքում առաջանում են ազատ ռադիկալներ:
Դրանք վնաս են հասցնում առողջ բջիջներին՝ թողնելով դրանք առանց թթվածին, և պակասեցնում են կոլագենի քանակը։
Այս պրոցեսի հետևանքով մաշկը կորցնում է առաձգականությունը, առողջ և թարմ տեսքը։

Վիտամին C-ն հզոր հակաօքսիդանտ է, և արդյունավետ պայքարում է ազատ ռադիկալների դեմ։ Այս անչափ կարևոր վիտամինը նաև օգնում է արտադրել «հակասթրեսային հորմոններ։

Ինչպե՞ս լրացնել վիտամին C-ի պակասը։
Երբ ասում են վիտամին C, սովորաբար մարդիկ առաջինը պատկերացնում են լիմոն, նարինջ կամ որևէ այլ ցիտրուսային բույս։

Միգուցե զարմանաք, վիտամին C-ի պարունակությամբ առաջատարը մասուրն է։
Վիտամին C պարունակվում է նաև կարմիր պղպեղի, սև հաղարջի, չիչխանի, մաղադանոսի, բրյուսելյան կաղամբի, ելակի, նարինջի կիտրոնի և մի շարք այլ մրգերի և բանջարեղենի մեջ։

Վիտամին D

legumes-broccoli-fruit-salmon-placed-black-cement-floor 1150-19927

Վիտամին D-ի պակասը կարող է ընդհուպ մինչև ալոպեցիայի (մասնակի կամ ամբողջական ճաղատացում) պատճառ լինել։

Հետազոտությունները ցույց են տվել, որ վիտամին D-ն օգնում է մազերի նոր ֆոլիկուլներ ստեղծել, այսպիսով խթանելով մազերի առողջ աճին։
Վիտամին D-ի պակասը ամենահաճախ հանդիպողներից է, և պետք է փորձել այն կարգավորել սնունդի և նույնիսկ որոշակի դեպքերում հավելումների միջոցով։

Մեր մարմինը վիտամին D է արտադրում արևի ճառագայթների հետ անմիջական շփման միջոցով: Վիտամին D- ի սննդային աղբյուրներն են ՝ յուղոտ ձկներ, ձկան լյարդի յուղ, որոշ սնկեր, ձվի դեղնուց, տավարի, խոզի լյարդ, թթվասեր, կարագ, կաթ և հարստացված սնունդ:

Վիտամին E

վիտամին E

Ինչպես վիտամին C-ն, այնպես էլ վիտամին E-ն հզոր հակաօքսիդանտ է և պայքարում է թթվածնային քաղցի դեմ։
Այս վիտամինի պակասը հանգեցնում է կոտրատվող մազերի և փշրվող ծայրերի։

Ըստ 2010 թվականին իրականացված մի հետազոտության՝ մասնակիցների 34,5 տոկոսը մազերի որակի բարելավում է ունեցել 8 ամիս վիտամին E ընդունելուց հետո։
Վիտամին E-ի սննդային աղբյուր են համարվում արևածաղկի սերմերը, նուշը, սպանախը, ավոկադոն, կիվին, ծովախեցգետինը, ձիթապտղի յուղը, բրոկկոլին։

Ամենավերջում ցանկանում ենք հիշեցնել, որ վիտամինների պակասը ճիշտ այնքան վտանգավոր է, ինչքան դրանց ավելցուկը։

Սա վերաբերում է նրանց, ովքեր հակված են վիտամինային հավելումներ օգտագործել։ Եվս մեկ անգամ ուզում ենք նշել, որ ճիշտ կլինի, եթե հավելումներ նշանակի միայն բժիշկը, իսկ այ սնունդի տեսքով վիտամինների ընդունումը միանգամայն անվտանգ է և խրախուսելի։

մազերի խնամքմաշկի խնամքեղունգների խնամք

հեղինակ՝

Անահիտ Հակոբյան

Մաշկաբան-կոսմետոլոգ, բյութի էքսպերտ։