3 Գերօգտակար սմուզի՝ առողջ մազեր ունենալու համար

Ինչպե՞ս կանխել մազաթափությունը, ինչպե՞ս փայլ հաղորդել խամրած մազերին, լավացնել որակը․ սրանք այն խնդիրներն են, որոնց յուրաքանչյուր կին գոնե մեկ անգամ բախվել է

Լիլիթ Ներսիսյան

մյս 9, 2020 · 3 րոպե


սմուզի մազերի համար

Ինչպե՞ս կանխել մազաթափությունը, ինչպե՞ս լավացնել մազերի որակը, ինչպե՞ս փայլ հաղորդել խամրած մազերին․ սրանք այն խնդիրներն են, որոնց յուրաքանչյուր կին գոնե մեկ անգամ բախվել է։
Իհարկե, կոսմետիկ միջոցների ինդուստրիան առաջարկում է մազերի աճի և խնամքի համար նախատեսված դիմակների, սնուցող միջոցների, հատուկ լվացող միջոցների հսկայական ընտրանի, բայց պետք է միշտ հիշել, որ շատ հաճախ խնդրի լուծումը ոչ թե արտաքին է, այլ ներքին։
Մազաթափության, անփայլ և կոտրատվող մազերի, պրոբլեմատիկ մաշկի միջոցով մեր օրգանիզմը հաճախ ազդակներ է ուղարկում վիտամինների, անհրաժեշտ միկրոտարրերի պակասի մասին։
Որոշեցինք ձեզ ներկայացնել մազաթափության դեմ 5 օգտակար, առողջարար սմուզի (Smoothie), որոնք կօգնեն ձեր օրգանիզիմին, կխթանեն մազերի աճն ու առողջ փայլ կհաղորդեն։

Սմուզի «Վարսակ և Օմեգա»

smoothie recipe

Գիշերը թրջած վարսակն ու սուպերսնունդ համարվող սերմերը կազմում են այս հարուստ, կրեմային սմուզիի հիմքը։
Օմեգան խթանում է մազերի առողջ աճը և օգնում պայքարել կոտրատվող և փշրվող մազերի ծայրերի դեմ։

Բաղադրիչներ

  • 2 ճաշի գդալ մանրացրած վարսակ
  • 1 բաժակ վարսակի կաթ
  • ¼ բաժակ հապալաս
  • 1 կտրատած բանան
  • 1 ճաշի գդալ սերմերի խառնուրդ (հում կանեփի սերմ, չիայի սերմ, հում դդմի սերմ, կտավատի սերմ )

Պատրաստման Եղանակը

Վարսակը թրջել կաթի մեջ, ողջ գիշեր թողնել սառնարանում 
Հաջորդ առավոտ, բլենդել վարսակը մնացած բաղադրիչների հետ, ավելացնել սերմերը, մեկ երկու անգամ էլ սեղմել բլենդերի կոճակը, ապա մատուցել ձեր ամենասիրելի բաժակի կամ սմութի բոուլի մեջ։
Արտաքին ձևավորումը թողնում ենք ձեր երևակայությանը։

Սմուզի «Կանաչ բժիշկ»

կանաչ սմուզի

Երկաթով, վիտամին E-ով և ցինկով հարուստ այս կոկտեյլը շատ արժեքավոր օգնություն է մեր օրգանիզմին։ Գաղտնիք չէ, որ երկաթի պակասից առաջանում են մազերի, մաշկի, եղունգների հետ կապված բազմաթիվ խնդիրներ։ 
Այս կոկտեյլը նաև հրաշալի ընտրություն է սակավարյունություն ունեցող մարդկանց համար։

Բաղադրիչներ

  • 1 բանան
  • Կես կանաչ խնձոր
  • 1 բաժակ նուշի կաթ
  • 1 բաժակ սպանախ
  • 2 ճաշի գդալ սպիրուլինա

Բանանը հատկապես հարուստ է կալիումով և երկաթով, պարունակում է իմունային համակարգը ամրապնդող միկրոտարրեր և էներգիայի մեծ աղբյուր է։ Խնձորը նույնպես երկաթի հարուստ աղբյուր է, դե իսկ սպիրուլինան ջրիմուռներից ստացվող բնական հավելում է՝ հարուստ կալիումով, պրոտեիններով, մագնեզիումով և այլ օգտակար տարրերով։

Պատրաստման Եղանակը

Խառնել բոլոր բաղադրիչները բլենդերի մեջ, մինչև կրեմային զանգված ստացվի։
Կարող եք ձևավորել բանանի կտորներով, կիվիով և ձեր սիրելի սերմերով։

Սմուզի «Հյութեղ ելակ»

ելակ սպանախ սմուզի

Այս հրաշք սմուզիի համար ձեր վահանաձև գեղձը շատ շնորհակալ կլինի, քանի որ այն առավելագույնս հարուստ է յոդ պարունակող բաղադրիչներով։ 
Իսկ մազաթափության, մաշկի և եղունգների խնդիրների համար շատ հաճախ մեղավոր են հենց վահանաձև գեղձի հետ կապված խնդիրները:

Բաղադրիչներ

  • 1 բաժակ կոկոսի ջուր կամ կոկոսի կաթ
  • 1 բաժակ սառեցված կամ թարմ ելակ
  • Մոտ 20 հատիկ լոռամրգի (Չորացրած էլ կլինի)
  • 1 բաժակ կանաչ տերև (օր․ ՝ սպանախ, քեյլ, մաղադանոս)
  • 2 սալոր

Ելակը հարուստ է յոդով, վիտամին C-ով և պարունակում է անտիօքսիդանտներ։
Լոռամրգին նույպես յոդի աղբյուր է, կանաչ տերևները վիտամին A-ի և երկաթի պակասի համար են, իսկ սալորը կհաղորդի բնական քաղցրություն, ինչպես նաև այն էներգիայի աղբյուր է։

Պատրաստման Եղանակը

Խառնել բոլոր բաղադրիչները բլենդերում, մինչև ստանաք ախորժելի, համեղ և օգտակար կրեմային զանգված։


Հետևեք մեր բլոգի հոդվածներին, մենք դեռ շատ հետաքրքիր և օգտակար նյութեր ենք տեղադրելու, որոնք կօգնեն ձեզ լինել գեղեցիկ, խնամված և առողջ։

մազերի խնամքբաղադրատոմսերմաշկի խնամք

հեղինակ՝

Լիլիթ Ներսիսյան

Թվային մարքեթինգի մասնագետ