7 Պարզ բաղադրատոմս՝ տնային պայմաններում շամպուն պատրաստելու համար

Երբ մազերիդ համար ընտրում ես բնական խնամքի միջոցներ, խուսափում ես քիմիական հավելումներից, ժամանակն է անձամբ պատրաստել տնական, բնական, անուշաբույր շամպուն 🌿

Լիլիթ Ներսիսյան

հնս 9, 2020 · 5 րոպե


տնական շամպուն

Մազերս այնպե՜ս են թափվում․․․
Սա այն խնդիրն է, որը գրեթե բոլորն ունեն, և այն լուծելու համար երբեմն ծախսվում են հսկայական ֆինանսական ռեսուրսներ տարատեսակ միջոցների, շամպունների, քսուքների և զանազան կոսմետիկ պրոցեդուրաների վրա։
Մենք էլ որոշեցինք օգնել բոլոր նրանց, ովքեր գնահատում են բնականը, ցանկանում են նվազեցնել քիմիական միջոցների գործածությունն իրենց կենցաղում։
Ձեզ ենք ներկայացնում բնական շամպունների 7 բաղադրատոմս, որոնք հեշտությամբ կարելի է պատրաստել տանը։
Բաղադրիչները կարելի է գտնել յուրաքանչյուր դեղատանը, ինչն էլ որ չգտնեք՝ կարելի է պատվիրել օնլայն, կամ փոխարինել։
Բնական շամպունները սկզբնական շրջանում օգտագործելիս ձեզ կարող է թվալ, թե մազերն արագ յուղոտվում են։ Իրականում պատճառն այն է, որ բնական շամպուններում առկա չեն յուղերը չեզոքացնող, բայց մազերին վնաս պատճառող սուլֆատները։
Որոշ ժամանակ օգտագործելուց հետո կսկսեք նկատել, որ մազերն ավելի ուշ ուշ են յուղոտվում։ Հավելենք, որ կարող եք ժամանակ առ ժամանակ փոփոխել բաղադրությունն ու փորձարկումներ անել՝ գտնելու Ձեզ համար լավագույն բաղադրատոմսը։

#1 Շամպուն Նորմալ Մազերի Համար

նորմալ-մազեր-շամպուն

Սա ամենահասարակ, պարզ շամպուններից մեկն է, որը հարմար է օգտագործել նորմալ, ոչ յուղոտ և ոչ շատ չոր մազերի համար։ Բաղադրատոմսերում նշվող չափիչ բաժակը 200 մլ է։

Բաղադրիչներ

  • 1/4 բաժակ թորած ջուր
  • 1/4 բաժակ բնական հեղուկ օճառ բուսական հիմքի վրա (Կարելի է ձեռք բերել Amazon.com-ից)
  • 1/2 թեյի գդալ ժոժոբայի, խաղողի կորիզի կամ այլ թեթև բուսական յուղ
  • Հարմար տարա, որի մեջ այս ամենը կարելի է խառնել
  • Շիշ, որի մեջ հերմետիկ կպահվի ձեր բնական շամպունը

Խառնել այս ամենն իրար հետ, լցնել շշի մեջ և պահել 2 շաբաթից ոչ ավել։ Օգտագործելուց առաջ թափահարեք և ցողեք մազերին, քանի որ այն ավելի ջրիկ է, քան խանութից գնված շամպունները։

#2 Մազերի աճը խթանող շամպուն

անանուխ-շամպուն

Գլխամաշկը մերսող և զգայարաններն արթնացնող այս շամպունի հիմնական բաղադրիչներն են․

  • 1/4 բաժակ թորած ջուր
  • 1/4 բաժակ բնական հեղուկ օճառ բուսական հիմքի վրա (Արդեն նշեցինք, որ հեշտությամբ կարելի է պատվիրել)
  • 1/2 թեյի գդալ ժոժոբայի եթերայուղ
  • 1/8 թեյի գդալ անանուխի եթերայուղ
  • 1/8 թեյի գդալ թեյածառի եթերայուղ

Այս շամպունն այնքան թարմեցնող է, որ ամբողջ օրվա ընթացքում կզգաք իր կենարար ազդեցությունը։ Այն նաև հանգստացնող ազդեցություն է թողնում լարվածությունից և հոգնածությունից առաջացած գլխացավերի դեպքում։

#3 Խոնավեցնող Շամպուն

ալոե-շամպուն

Այս շամպունը հրաշալի լուծում է չոր մազերի դեպքում։

  • 1/4 բաժակ թորած ջուր
  • 1/4 բաժակ բնական հեղուկ օճառ բուսական հիմքի վրա, կարելի է վերցնել նաև որևէ հոտով, թեպետ խորհուրդ ենք տալիս անհոտը վերցնել
  • 1/4 բաժակ ալոեի մզվածք (Կարելի է ձեռք բերել Aloe Lab-ից)
  • 1 թեյի գդալ գլիցերին
  • 1/4 թեյի գդալ ավոկադոյի կամ ժոժոբային յուղ

Խառնել բաղադրիչները տարայի մեջ, այնուհետև պահել շշի մեջ։ Լողանալուց քսեք մազերին և մի քանի րոպե թողեք, այնուհետև լավ ցողեք հոսող ջրով։

#4 Ամոքիչ Շամպուն

երիցուկ-շամպուն

Երիցուկի բուժիչ հատկությունների մասին թերևս բոլորը գիտեն։ Իսկ դուք գիտեի՞ք, որ երիցուկն ունի նաև գունաբացող հատկություն, և եթե այն խառնեք լիմոնի հյութի հետ, կարող եք մեկ տոն բացացնել ձեր մազերի գույնը։

  • 1 բաժակ թորած ջուր
  • 1 բաժակ բնական հեղուկ օճառ բուսական հիմքի վրա
  • 100 գրամ չորացրած երիցուկ
  • 1 թեյի գդալ գլիցերին

Խառնել բաղադրիչները տարայի մեջ, այնուհետև պահել շշի մեջ` մութ, զով վայրում։

#5 Թեփի դեմ շամպուն

թեփի-դեմ-շամպուն

Այս շամպունը հանդիսանում է և որպես մաքրող միջոց, և որպես բուժիչ քսուք։ Թյուր կարծիք կա, որ թեփը առաջանում է միայն չոր մաշկ ունենալու պարագայում։
Թեփ կարող է առաջանալ նաև այն դեպքում, երբ գլխամաշկը չափից շատ յուղ է արտադրում։

  • 1/4 բաժակ թորած ջուր
  • 1/4 բաժակ բնական հեղուկ օճառ բուսական հիմքի վրա
  • 1/2 թեյի գդալ ժոժոբայի, խաղողի կորիզի կամ այլ թեթև բուսական յուղ
  • 1 թեյի գդալ խնձորի քացախ
  • 3 թեյի գդալ խնձորի հյութ
  • 6 հատիկ լավ մանրացրած մեխակ

Բլենդերում մանրացնել, միասեռ զանգված դարձնել։ Հավասար տարածել մազերի արմատներին և մազերի ողջ երկարությամբ, լավ մերսել։ Ցողել տաք ջրով։ Պահել սառնարանում հերմետիկ փակված 3 օրից ոչ ավել։

#6 «Համեղ շամպուն»

կոկոսի-շամպուն

Կոկոսի յուղով պատրաստված այս շամպունն ուղակի շքեղ բույր ունի, և կգերի կոկոսի սիրահարների սիրտը։

  • 1/4 բաժակ թորած ջուր
  • 1/4 բաժակ բնական հեղուկ օճառ բուսական հիմքի վրա
  • 2 թեյի գդալ ժոժոբայի յուղ
  • 10 կաթիլ վանիլի եթերայուղ
  • 10 կաթիլ կոկոսի բուրավետ յուղ

#7 Չոր շամպուն

լավանդա-շամպուն

Այս տարբերակը հրաշալի է աշխատում, երբ պետք է թարմացնել մազերի տեսքը, բայց լվանալու հնարավորություն այդ պահին չկա։
Բաղադրիչները բավականին պարզ են՝

  • Եգիպտացորենի օսլա
  • Եթե մազերը մուգ են, կակաո
  • 1 թեյի գդալ որևէ բուրավետ խոտաբույս, օրինակ լավանդա
  • 2-3 կաթիլ ձեր սիրելի եթերայուղը
  • Լավ խառնել, տարածել մազերի երկայնքով և լավ սանրել։ Սա կարելի պատրաստել մեծ քանակով և պահել զով, մութ վայրում։
մազերի խնամք

հեղինակ՝

Լիլիթ Ներսիսյան

Թվային մարքեթինգի մասնագետ