Made in Armenia-ն այլևս երազանք չէ բնական ու որակյալ խնամքի միջոցներ նախընտրողների համար: Հայկական արտադրանքն արդեն շատերիս ամենօրյա խնամքի մասն է կազմում:
Ջուլիետա Միքայելյան
հնս 30, 2020 · 6 րոպե
Ինչպե՞ս և ե՞րբ որոշեցին սկսել կոսմետիկ և խնամքի միջոցների իրենց արտադրանքը շուկայում հայտնի հայկական բրենդերը և որո՞նք են նրանց ամենաշատ վաճառվող և սիրված պրոդուկտները:
Ի ուրախություն բոլորիս, Made in Armenia-ն այլևս երազանք չէ բնական ու որակյալ խնամքի միջոցներ նախընտրողների համար:
Հայաստանյան շուկան վերջին տարիներին համալրվել է մի քանի հայտնի բրենդերով, որոնց արտադրանքը շատերիս ամենօրյա խնամքի մասն է կազմում:
Մենք զրուցել ենք այս ընկերությունների ներկայացուցիչների հետ, ովքեր սիրով պատմում են իրենց մասին:
Հպարտութամբ կիսվում ենք իրենց պատմություններով:
2012-ին հիմնադրված Նաիրիանը առաջին հայկական 100% բնական կոսմետիկա արտադրող ընկերությունն է, որն իր բանաձևերը ստեղծում է արոմաթերապիայի սկզբունքների և մանրակրկիտ գիտական հետազոտության վրա:
Ընկերությունը մշակել է կոսմետիկական լուծումների համապարփակ շարք մաշկի բոլոր տեսակների եւ խնդիրների համար` մոտ 60 անուն ապրանք, որոնք հանրությանը ներկայացվեցին 2015թ հոկտեմբերին՝ 4 տարվա գիտահետազոտական աշխատանքներից հետո:
Դրանք չեն պարունակում վնասակար քիմիական նjութեր, արհեստական բույրեր կամ ներկեր:
Բաղադրիչների շուրջ 70%-ը ստացվում է Կոտայքի մարզում գտնվող Նաիրիանի էկոլոգիապես մաքուր տնտեսությունից՝ մինչեւ 100 կմ. շառավղով տարածքից:
Ընկերության հիմնադիրներ Արա և Անահիտ Մարկոսյանները հայրենադարձներ են, ովքեր մինչ այդ 23 տարի ապրել և աշխատել են ԱՄՆ-ում՝ Սիլիկոնյան հովտում:
Վերամշակումն ու վերօգտագործումը, ինչպես նաև գյուղական համայնքի կառուցումն ու աշխատատեղերի ստեղծումը ընկերության աշխատաոճի հիմնարար սկզբունքներն են:
Նաիրիանը ձգտում է ներառել Հայաստանը բնական կոսմետիկայի միջազգային քարտեզում՝ ստեղծելով գեղեցկության եւ խնամքի առողջ ու արդյունավետ միջոցներ: Ընկերությունն արտահանում է իր արտադրանքը ԱՄՆ, Ռուսաստան, Մեծ Բրիտանիա, Կանադա և Բելգիա։
Բեսթսելլեր՝ վարդափոշի սկրաբ
Հիրիկ-ը բնական յուղեր ու խնամքի միջոցներ արտադրող ընկերություն է:
Ամեն ինչ սկսվեց ձեռագործ օճառներ պատրաստելու զբաղմունքը զարգացնելու մտքից:
Որակյալ բնական յուղեր ձեռք բերելուն ուղղված անհաջող փորձերը պատճառ դարձան հիմնելու բնական յուղերի և եթերայուղերի արտադրություն:
Սկզբում մտածում էին ստանալ միայն իրենց անհրաժեշտ յուղերը, բայց շուկա մուտք գործելու հենց առաջին փորձից Հիրիկ-ը սիրվեց ու ակամա դարձավ կարեւոր նախագիծ:
Ընկերությունն այս պահին արտադրում է սառը մամլման բնական բուսայուղեր, որոնք հնարավոր է օգտագործել թե՛ սննդի մեջ, և թե՛ որպես խնամքի միջոց։ Տեսականին ներառում է նշի, ծիրանի կորիզի, կանեփի, դդմի կորիզների, ընկույզի, պնդուկի, գետնանուշի, սև քիմիոնի, քունջութի, արևածաղկի յուղեր։
Շուտով այս շարքին կավելանան նաև դեղձի, խաղողի կորիզների, չիչխանի, սև սալորի, սեխի կորիզների և այլ յուղեր։
Կիրառվում են արտադրական ժամանակակից սարքավորումներ, որոնք հնարավորություն են տալիս ըստ անհրաժեշտության կարգավորել յուղերի մամլման ճնշումը և ջերմաստիճանը, քանի որ այս գործոնները շատ կարևոր են որակյալ յուղեր ստանալու համար:
Հնարավոր բոլոր դեպքերում յուղերի մամլման համար օգտագործում են տեղական հումք։ Շուտով նախատեսում են թողարկել նաև եթերային յուղերի արտադրություն:
Յուղերին զուգահեռ արտադրում են նաև խնամքի միջոցներ, որոնցում գերակայում են բնական բաղադրիչները և պատրաստելու համար անհրաժեշտ անվնաս նյութերը։
Հիրիկի-ի խնամքի միջոցներում մեծ կարևորություն է տրվում բույրերի համադրությանը, քանի որ, ընկերության հիմնադրի խոսքով` օծանելիքն իր համար անսահման ոգեշնչման աղբյուր է, իսկ օծանելիքի արտադրություն ունենալը՝ երազանքներից մեկը:
ՀԻՐԻԿ անվան ընտրությունը ևս պատահական չէ և մասամբ պայմանավորված է այն հանգամանքով, որ հիրիկ ծաղկի արմատներից ստացված յուղը մինչ օրս որպես շատ արժեքավոր բաղադրիչ օգտագործում են օծանելիքի արտադրության մեջ:
Հիրիկը խնամքի միջոցների հատուկ շարքեր ունի, որտեղ օգտագործվում են անուշաբույր եթերայուղեր:
Դրանցից շատ են սիրվել հատկապես նարդոսի, եղեսպակի և խնկունու եթերայուղերով միջոցները:
Նշված յուղերը դարերով հայտնի են իրենց ֆիզիկական և հոգեբանական դրական ներգործությամբ, իսկ խնկունու յուղը, ըստ մեզ հասած աղբյուրների, կազդուրիչ միջոց լինելուց զատ օգտագործվել է նաև եվրոպական առաջին օծաջրի բաղադրության մեջ, որը մեզ հայտնի է «Հունգարական ջուր», «Հունգարիայի թագուհու ջուր» կամ «խնկունու սպիրտ» անվանումներով:
Բեսթսելլեր՝ Շամպուն թեփի դեմ՝ եղեսպակի և խնկունու եթերայուղերով
Բնատուր ընկերությունը ստեղծվել է 2014 թվականի նոյեմբերին։ Բնատուրի գաղափարախոսությունն է «բնության հետ, բնության պես»:
Այս ընկերության հիմնական նպատակն է բնական նյութերով պատրաստված խնամքի միջոցներ ստեղծելը, որի շնորհիվ հնարավոր է ունենալ առողջ ու երիտասարդ մաշկ, ինչպես նաև պաշտպանել այն քիմիական ներգործությունից:
Նրանք իրենք կոսմետիկ միջոցների արտադրությունում կիրառում են բուսական ծագում ունեցող պինդ և հեղուկ եթերային յուղեր, դեղաբույսեր, չորացած պտուղներ, քերուկներ, թուրմեր ու խտամզվածքներ, աղացած կորիզներ, մի
շարք բույսերի, ընդեղենների ալյուրներ, կոսմետիկ կավեր՝ համապատասխան և նպատակային զուգակցման միջոցով:
Նախքան բիզնեսի հիմնադրումը խնամքի միջոցներ պատրաստելը եղել է հոբբի, որի միջոցով հնարավոր կլիներ ստանալ բնական ու պաշտպանիչ կոսմետիկ միջոցներ՝ սեփական օգտագործման համար։ Սկզբնական շրջանում պատրաստել են միայն օճառներ և սկրաբ-դիմակներ։
Զգալով դրանց արդյունավետությունը՝ հիմնադիրները սիրով նվիրել են իրենց պատրաստած միջոցները մտերիմներին։ Տեսնելով աճող հետաքրքրությունը՝ որոշեցին հիմնել սեփական բիզնեսը։
Սկզբնական շրջանում եկամուտ ստանում էին առաքումների և ցուցահանդես-վաճառքների միջոցով, որի հասույթն ամբողջությամբ ուղղվում էր Բնատուրի տեսականու և ծավալների մեծացմանը։
2016 թվականին բացվեց բրենդի առաջին խանութը՝ Հայկական ապրանքանիշ նախագծի շրջանակներում։
Այժմ ապրանքանիշը ներկայացված է մի շարք այլ խանութներում, հյուրանոցներում և վարսահարդարման սրահներում։
Առաջիկայում պլանավրում են ընդլայնել ներկայացվածության շրջանակը։
Բնատուրը ընտանեկան բիզնես է և ամբողջ ընտանիքն ու հարազատները ներգրավված են բոլոր աշխատանքներում։
Բնատուրի հիմանդիրները վստահությամբ նշում են, որ իրենց բիզնեսի առաջխաղացմանը և որկայալ պրոդուկտի ստեղծմանը օգնում է ընտանիքի բազմամասնագիտական փորձը՝ քիմիայի մասնագետ, բժիշկներ, իրավաբան։
Բնատուրն այժմ ունի 12 տեսակ խնամքի միջոցներ, որոնք իրենց ենթատեսակներով կազմում են 33 տեսակ։
Ամփոփելով հաճախորդների թվի ավելացման, աճող շրջանառության, տեսականու լրացման վերլուծությունը՝ նրանք կազմել են նոր ռազմավարություն՝ արտադրական ծավալները մեծացնելու, տեսականին լրացնելու, արդեն իսկ վերաբրենդավորված արտադրանքը արտահանելու ուղղությամբ։
Բեսթ-սելլեր՝ դեմքի հակատարիքային քսուք
Ալոե Լաբ ընկերությունը հիմնադրվել է 2018 թ-ի սկզբին, հայկական ալոեի աճեցում և մշակում ընկերության հիման վրա, որը արտադրում և աճեցնում էր ալոեի 7-8 տարեկան տերևներ, բույսեր և ստանում 100%-անոց քամվածքներ: Ալոե Լաբը հայկական կոսմետիկ-խնամքի միջոցներ արտադրող ընկերություն է, որտեղ որպես հումք օգտագործվում է բացարձակապես ալոեի բնական հումք: Ընկերությունն այժմ ունի մոտ 50 ապրանքատեսակ՝ խնամքի միջոցներ, շամպուններ, դեմքի կրեմներ, բնական օճառներ և այլն: Արտադրանքի առավելությունն ալոեի բնական հումքի մեծ չափաբաժնի առկայությունն է՝ 40-70%: Ապրանքատեսականին անընդհատ ավելացման գործընթացի մեջ է, շուտով կհասնեն շուրջ 100 տեսակի:Ալոե Լաբը սերցիֆիկացված է Եվրոմիության (ERC) ստանդարտներին համապատասխան: Ընկերությունը երաշխավորում է ցանկացած ապրանքի որակը և արդյունավետությունը:
Բեսթսելլեր՝ Հալվեի հյութով նրբաքսուք
հեղինակ՝
Ջուլիետա Միքայելյան
Գործընկերների հետ կապի պատասխանատու SalonSpa.am ում