«Մատնահարդարումը միայն եղունգներին լաք կամ գել-լաք քսելը չէ» Արաքս Պողոսյան

Մատնահարդար լինելու նրբությունների, մասնագիտությունը սիրելու և կարևորելու մասին՝ նեյլ բլոգեր Արաքս Պողոսյանի հետ

Ջուլիետա Միքայելյան

մյս 19, 2020 · 4 րոպե


nail-blogger-Arax

Հայաստանյան բլոգոսֆերային հայացք նետելիս դժվար է գտնել բյութի ոլորտի, այն էլ նեղ մասնագիտացումների վերաբերող բլոգներ: Սա այն ժամանակ, երբ դեռ չէիք սկսել ձեր գործունեությունը: Այժմ դուք հանդիսանում եք միակ նեյլ բլոգերը, ով ոչ միայն պրոֆեսիոնալ խորհուրդներ է տալիս, նաև մատուցում է որակյալ քոնթենթ, ցուցաբերում գրագետ և լուրջ մոտեցում իր մասնագիտությանը:

Ունենալով տնտեսագիտական կրթություն՝ եր՞բ և ինչպես սկսեցիք զբաղվել մատնահարդարման արվեստով և ո՞ր պահից սկսած որոշեցիք զբաղվել բլոգինգով:

Ես, իհարկե մասնագիտությամբ տնտեսագետ ինֆորմատիկ եմ, սակայն աշխատել եմ ամենատարբեր ոլորտներում, դպրոցականների դասապատրաստում, ադմինիստրատոր, թերթի խմբագիր բուհում, լուրերի բաժնի հաղորդավար ռադիոյում, IT ընկերությունում։ Իսկ մասնագիտությունը փոխելու ու նոր ոլորտ ուսումնասիրելու միտքը եկել է դեկրետում, ինչպես շատ կանանց մոտ, ովքեր բալիկ ունենալուց հետո սկսում են մի քիչ այլ կերպ մտածել։ Բլոգ բացելու միտքը հասունացավ ավելի ուշ՝ մոտ 1,5 տարի առաջ, երբ հասկացա, որ ասելիք ունեմ։ Ինձ համար շատ կարևոր էր ստեղծել մատնահարդարման վերաբերյալ հենց հայալեզու հարթակ, որտեղ կկիսվեի իմ ձեռք բերված փորձով ու մասնագիտական գիտելիքներով։

Որքանո՞վ է հնարավոր մատնահարդարման միջոցով ընդգծել անհատականությունը և լրացնել ոճը:

Մատնահարդարումը միայն եղունգներին լաք կամ գել-լաք քսելը չէ, այն եղունգների ու ձեռքի մաշկի խնամքն է, ուստի շատ հնարավոր է, որ որևէ մեկի ոճին համապատասխանի հենց անլաք, սակայն խնամված եղունգները։ Այո, մատնահարդարումն իր ուրույն դերն ունի նորաձևության մեջ, ամեն օր ավելի ու ավելի շատ աղջիկներ են սկսում կարևորել եղունգների խնամքը, հետևում են մատնահարդարման ոլորտի տենդենցներին. սա նորաձևության մի առանձին ճյուղ է, որը հնարավորություն է տալիս յուրօրինակ շտրիխ ավելացնել կնոջ ցանկացած կերպարին։ Շատ հայտնիներ իրենց մատնահարդարմամբ մի ամբողջ նորաձություն են թելադրում, օրինակ՝ Մեգան Մարքլի հարսանյաց նուրբ մատնահարդարումը շատ աղջիկներին ոգեշնչեց ընտրել հենց նման ոճը որպես հարսնացու, ինչպես նաև առօրյա կյանքում։ Կորոնավիրուսի ժամանակ մենք ևս մեկ անգամ հասկացանք, թե ինչքան շատ են կանայք կարևորում մատնահարդարումը, քանի որ բողոքների հիթ շքերթում ամենապոպուլյար թեմաներից մեկը հենց «շելլաքն» էր, ինչի մասին անգամ քննարկում էին ՀՀ Վարչապետի լայվերի մեկնաբանությունների ժամանակ, երբ ճարահատյալ ամուսինները կանանց «շելլաքների» թարմացման համար կոչ էին անում բացել սրահները։

armnails_blog

Ձեր մասնագիտական խորհուրդը սկսնակ մատնահարդարներին և ինչու ոչ, նաև՝ բյութի բլոգերներին:

Սկսնակ մատնահարդարներին խորհուրդ կտամ անպայման անցնել որակյալ բազային դասընթաց, պարտադիր կարևորել ստերիլ գործքիներով աշխատելու հարցը, էժան չաշխատել, հաճախ վերապատրաստվել և իրենք իրենց ընդունեն ոչ թե մանիկյուռշիցա, այլ մատնահարդարման մասնագետ։ Իսկ բյութի բլոգերներին խորհուրդ կտամ մասնագիտական գիտելիքների մատուցման յուրօրինակ ոճ ընտրել ու ուսումնասիրել դրանց մատուցման ճիշտ տարբերակները, երբեք չհամեմատվել ու եթե ունեն նպատակ, ապա անեն ամեն ինչ դրան հասնելու համար՝ անտեսելով հեյթերներին, քանի որ նրանք շատ են։

Բացի գործիքների ախտահանված և մեկանգամյա օգտագործման համար նախատեսված լինելը, ի՞նչ կանոնների պետք է հետևի մատնահարդարը՝ սպասարկման հիգիենան ապահովելու համար:

Մատնահարդարը պետք է ապահովի աշխատասենյակի, աշխատասեղանի ստերիլությունը ևս, ունենա աշխատանքային համազգեստ ու կոշիկներ, պետք է օգտագործի մեկանգամյա օգտագործման պարագաներ, ու հենց մեկ անգամ, օրինակ՝ պարտադիր կրի ձեռնոցներ, դիմակ, ինչպես նաև ունենա բժշկական գրքույկ, պարբերաբար հանձնի արյան անալիզ հեպատիտ և ՄԻԱՎ/ՁԻԱՀ հիվանդությունների ստուգման համար։

Որո՞նք են այս տարվա մատնահարդարման թրենդները:

Այս տարվա թրենդները փոխվեցին մարտին, երբ բոլորը սկսեցին կորոնավիրուսիկներ նկարել եղունգներին։ Կատակը մի կողմ, նորաձև է մինիմալիզմը, գրադիենտը, երկրաչափական պատկերները, մաարմարը և իհարկե, հետաքրքիր գրվածքները։

Ո՞ր գույնն եք հաճախ նախընտրում մատնահարդարման համար:

Ամենահաճախը իմ մատներին կտեսնեք սևը, ինձ համար ամենաոճային գույնն է, արդեն մոտ 4 ամիս է սկսել եմ սիրել կարմիրը, շատ եմ սիրում նաև սպիտակը, բայց գրեթե բոլոր գոււյները կարող եմ քսել եղունգներիս։

Նշեք, խնդրեմ, Երևանում ձեր սիրելի նեյլ սրահները:

Ես Հայաստանում լինում եմ շատ քիչ ժամանակով, և չեմ հաճախում նեյլ սրահներ որպես հաճախորդ։ Եթե իհարկե, լինում է նման անհրաժեշտություն, ես այցելում եմ իմ ամենամոտ ընկերուհուն՝ Աստղիկին, ով մատնահարդար է աշխատում ARX LAB սրահում, քանի որ գիտեմ ինձ սպասարկելու են ստերիլ գործիքներով, ինչը ինձ համար ամենակարևորն է։ Ինձ համար նեյլ սրահը կլինի Ձեր նշած սիրելին, եթե կարևորի գործիքների ստերիլությունը, մասնագետների համար աշխատանքի կատարման լավ պայմանները ու գրագետ մոտեցում ցուցաբերի մեր ոլորտին ամեն հարցում՝ սկսած որակյալ նյութերով աշխատելուց մինչև ժամանակակից մարքեթինգային լուծումներ։ Ցանկանում եմ նշել, որ մենք Հայաստանում ու Արցախում ունենք շատ տաղանդավոր մատնահարդարներ, ում աշխատանքներով ես ամեն օր հիանում եմ, հպարտանում նման կոլեգաներովս, մենք իսկապես բանիմաց մասնագետներ ունենք։ Հենց այս նպատակով էլ ես Ինստագրամում ստեղծել եմ insta_matner էջ, որտեղ տեղադրում եմ իմ հայ կոլեգաների լավագույն աշխատանքները. էջի նպատակը հենց այնպիսի հարթակ ստեղծելն է, որտեղ կներկայացնենք մերոնց, լավագույններին։

Զրուցեցինք Արմնեյլս բլոգի հեղինակ, մատնահարդար Արաքս Պողոսյանի հետ

եղունգների խնամքհարցազրույցներ

հեղինակ՝

Ջուլիետա Միքայելյան

Գործընկերների հետ կապի պատասխանատու SalonSpa.am ում