Ոչ մի դիմահարդարում ի վիճակի չէ տալ առողջ մաշկի գրավչությունը։ Թարմ ու պայծառ տեսք ունենալու համար պետք է հիշել մաշկի խնամքի հետևյալ ոսկե կանոնները․
Հրաչուհի Առաքելյան
ապր 12, 2020 · 2 րոպե
Դու կարող ես անընդհատ էքսպերիմենտներ անել քո հագուստի ոճի կամ մազերի սանրվածքի հետ, բայց ո՛չ մեկը, ո՛չ էլ մյուսը քո դեմքի մաշկին չեն բերի առողջ ու թարմ տեսք։ Ավելին՝ ոչ մի դիմահարդարում ի վիճակի չէ տալ առողջ մաշկի գրավչությունը։ 👧Թարմ ու պայծառ տեսք ունենալու համար պետք է հիշել մաշկի խնամքի հետևյալ ոսկե կանոնները․
Դեմքն անհրաժեշտ է մաքրել ինչպես առավոտյան, այնպես էլ՝ գիշերը։ Մաքրման ընթացքում դեմքն ազատվում է մեռած մաշկից, թեփուկներից և դիմահարդարման մնացորդներից։ Կարող ես օգտագործել կոսմետիկ կաթ, մաքրող գել կամ պարզապես լվանալ դեմքդ ջրով։
Բուն մաշկը (դերման) կազմված է ջրից 70%-ով, իսկ վերնամաշկը (էպիդերմիսը)՝ 15%-ով։ Այն բավարար խոնավ վիճակում պահելու համար անհրաժեշտ է կիրառել հատուկ ընտրված խոնավեցնող քսուքներ։ Վերջիններս ընտրելիս անպայման հաշվի առ մաշկիդ տեսակը։
Իհարկե, մաշկը խոնավ պահելու գործում ամենակարևոր դերն է խաղում ջուրը։ Օրական 1,5-2լ ջուր օգտագործելու դեպքում մաշկդ մշտապես թարմ և պաշտպանված կմնա։
Իսկ ամռանը խորհուրդ է տրվում օգտագործել արևից պաշտպանող քսուք՝ խոնավեցնող միջոցներ օգտագործելուց հետո։
Դեմքի մաշկի սնուցմամբ զբաղվելու ամենահարմար ժամանակը քնելուց մոտ 1 ժամ առաջ է։ Դեմքդ մաքրելուց հետո քսիր գիշերային քսուք։ Դեմքիդ քսուքը ընտրիր ըստ մաշկիդ տեսակի։
Կոպերի համար օգտագործիր ավելի թեթև և փափուկ քսուքներ։ Խորհուրդ է տրվում օգտագործել բնական կոկոսի յուղ։ Այն կարող է կիրառվել որպես դիմահարդարումը մաքրող, հակաբակտերիալ, սնուցող միջոց: Կոպերիդ մի կաթիլ յուղ քսիր և նրբորեն մերսիր։ Այն հեշտորեն ներծծվում է և փափկեցնում կոպերդ։
Շուրթերի մաշկը բարակ է, մշտապես կրում է քամու, արևի, ցրտի ու չոր օդի ազդեցությունը։ Դրա համար նրան անհրաժեշտ է ամենօրյա խնամք։ Շրթներկ ընտրելիս ուշադրություն դարձրու դրա բաղադրությանը։ Ընտրիր այնպիսիները, որոնք պարունակում են խոնավեցնող, փափկեցնող բաղադրիչներ և վիտամիններ։
Տվյալ սկրաբը կարող է օգտագործվել բոլոր տիպի մաշկի համար։ Այն պատրաստելու համար պահանջվում է.
✔ 1 ճաշի գդալ աղացած սուրճ
✔ 2 պտղունց ծովային աղ
✔ 1 ձվի սպիտակուց։
Գոլ ջրով նախօրոք լվացվիր և չորացրու դեմքդ։
Շրջանաձև շարժումներով դեմքիդ նրբորեն քսիր սկրաբը ու թող մոտ 15 րոպե, որպեսզի չորանա։
Այնուհետև լվացվիր գոլ ջրով, և եթե մաշկի ավելորդ ձգվածություն զգաս՝ քիչ քանակով սնուցող քսուք օգտագործիր։
Վուալյա՛, դեմքդ շողշողուն է, իսկ տրամադրությունդ՝ բարձր։
հեղինակ՝
Հրաչուհի Առաքելյան
Co-Founder/Customer Happiness Manager at RetentionForce