Ի՞նչ է ակնեն։ Ակնեն մաշկի հատուկ խնամք պահանջող այն խնդիրներից է, որն այցելում է յուրաքանչյուրիս կյանք առնվազն մեկ անգամ։
Հրաչուհի Առաքելյան
ապր 11, 2020 · 2 րոպե
Ակնեն մաշկի հատուկ խնամք պահանջող այն խնդիրներից է, որն այցելում է յուրաքանչյուրիս կյանք առնվազն մեկ անգամ։ Այդ այցն այնքան էլ հաճելի չէ, հատկապես մեզ՝ աղջիկներիս համար։ Արդյունքում ունենում ենք մեզ մշտապես տանջող մի հարց․ ինչպե՞ս կանխել ակնեն։
Ակնեն առաջանում է, երբ մաշկն արտադրում է չափից շատ ճարպ, որն էլ խցանում է ծակոտիները և առաջացնում ցան։ Եթե որոշել ես ինքնուրույն քայլեր ձեռնարկել՝ ակնեն կանխելու համար, ապա առաջարկում ենք հետևել ներքևում նշված 5 խորհուրդներին։ Սակայն մի՛ մոռացիր, որ ակնեի իրական պատճառները պարզելու և այն վերացնելու համար պետք է դիմել կոմպետենտ բժիշկ-մաշկաբանի, քանի որ այն կարող է լինել լուրջ խնդրի արդյունք ։
Մինչ դեմքի ակնեն բուժելը, պետք է հետևել հիգիենայի կանոններին՝ պահպանել դեմքի և ձեռքերի մշտական մաքրությունը։ Խորհուրդ է տրվում մազերը հաճախակի կապել ու ձեռքերով չդիպչել մաշկին։ Հիգիենայի կանոնների մեջ է մտնում նաև սպիտակեղենի, հատկապես՝ բարձի երեսի մաքրությանը հետևելը։ Ունեցիր բնական մանրաթելերով բարձ և երեսը փոխիր 2-3 օրը մեկ։
Եթե ակնեի պատճառը սխալ սնունդն է, ապա անհրաժեշտ է ուշադրություն դարձնել սննդակարգին․ խուսափել ճարպոտ կամ տապակած, աղի կամ կծու մթերքից, քիչ քանակությամբ օգտագործել քաղցրավենիք և սուրճ։ Հիշիր նաև, որ կաթնամթերքի չափից շատ օգտագործումը հանգեցնում է ակնեի ավելի ծանր հետևանքների։ Կաթնամթերքն օգտագործիր փոքր չափաբաժիններով ;)
Երրորդ քայլը, որը հեշտացնում է ակնեի կանխումը, դեմքի ամենօրյա խնամքն է։ Օրական 10 րոպե հատկացրու դեմքի խոնավեցմանն ու սնուցմանը և մշտապես թարմ տեսք կունենաս։
Դիմահարդարման պարագաներ ընտրելիս ուշադրություն դարձրու դրանց ժամկետին, որակին և բաղադրությանը։ Անպայման հետևիր, որ դրանք չունենան ալերգիա առաջացնող բաղադրիչներ ու գլխավորապես կազմված լինեն բնական նյութերից։ Ընտրիր հատկապես այնպիսի կոսմետիկա, որը պարունակում է թեյի ծառի յուղ կամ այլ հակաբակտերիալ միջոց։ Այն օգնում է կանխել մաշկի գրգռվածությունը և սպանում բակտերիաները։ Մի մոռացի՛ր պարբերաբար լվանալ դիմահարդարման վրձիններն ու սպունգերը։
Մի փորձիր հեռացնել ակնեն՝ ինքնուրույն սեղմելով բշտիկները։ Այդպիսով կարող ես բարդացնել այտուցվածությունը, տարածել ինֆեկցիան և շատացնել ակնեի քանակը։ Աշխատիր թողնել բշտիկները սեղմելու սովորությունը և կզգաս, որ ակնեն և ցանկացած այլ բշտիկ ավելի հեշտ և շուտ կանցնի։
Այս ամենի հետ մեկտեղ միշտ հիշիր, որ մաշկի հետ կապված ցանկացած խնդրով զբաղվելուց առաջ անպայման պետք է այցելել բժիշկ-մաշկաբանի։ Չէ՞ որ յուրաքանչյուր խնդիր անհատական է և անհատական բուժում է ակնկալում։
հեղինակ՝
Հրաչուհի Առաքելյան
Co-Founder/Customer Happiness Manager at RetentionForce