Հաճելի երաժշտություն, արոմատիկ մոմեր, լոգարան՝ լցված հաճելի տաք և եթերայուղերով ջրով․․․․ և այս ամենը հենց ձեր տանը
Լիլիթ Ներսիսյան
հնս 22, 2020 · 4 րոպե
Դե խոստովանեք, ո՞վ չի սիրում գնալ սպա կենտրոն և թարմություն, երիտասարդություն ու թեթևություն հաղորդել իր մարմնին։
Հիմա շատերի համար սպա գնալը ռիսկային է թվում, և մենք որոշեցինք սպան տեղափոխել հենց ձեր տուն։
Ինչպե՞ս կազմակերպել սպա պրոցեդուրաներ տնային պայմաններում։ Ահա այն տաս պրոցեդուրաները, որոնք քայլ առ քայլ ձեզ կմոտեցնեն այն բաղձալի թարմության և երիտասարդության զգացողություններին։
Սկսեք միջավայրից․ միացրեք հաճելի երաժշտություն և վառեք ձեր սիրելի արոմատիկ մոմերը։ Լոգարանը տաք ջուր լցրեք և մի քանի կաթիլ ձեր սիրելի եթերայուղերից լցրեք և սպասեք մի քանի րոպե, մինչև գոլորշին վերև կբարձրացնի եթերայուղերի բույրը։
30- 45 րոպե պառկեք լոգարանի մեջ, փորձեք հանգստանալ և պարզապես վայելել։
Լոգարանից հետո մաշկը պատրաստ է խնամքի։ Սնուցող մարմնի սկրաբ պատրաստելու համար վերցրեք շագանակագույն շաքար և ձիթապտղի յուղ, 2։1 հարաբերությամբ, խառնեք իրար, կարող եք նաև մի փոքր բնական մեղր ավելացնել, որը հրաշալի ազդեցություն է թողնում չոր և ակնեին հակված մաշկի համար։
Լոգարանում սկրաբով շրջանաձև շարժումներով շփեք ամբողջ մարմինը, ուշադրություն դարձնելով չոր մասերին, օրինակ՝ արմունկներին։
Ոտքերին շատ հաճախ շատ քիչ ուշադրություն են դարձնում, բայց նրանք անխոնջ կրում են մեր մարմնի ողջ ծանրությունը օրվա ընթացքում, շատ հաճախ ոչ հարմար կոշիկների մեջ։
Ոտքերին թեթևության զգացողություն հաղորդելու համար հավասար քանակությամբ խառնեք իրար վարսակի, եգիպտացորենի ալյուր, 1 թեյի գդալ ծովի աղ և մի փոքր ձիթապտղի յուղ, մի քանի կաթիլ անանուխի յուղ և ալոե վերա գել այնքան, որպեսզի ստանաք շիլայանման զանգված։ Քսեք ոտնաթաթերին, մերսեք և թողեք մի քանի րոպե, այնուհետև լվացեք գոլ ջրով։
Այ հիմա ժամանակն է գոլորշիով մաքրել մաշկը։ Կարծում եք տան պայմաններում դա անհնա՞ր է, եկեք փորձենք։
Թասիկի մեջ լցրեք եռման ջուր և թողեք, որ մի փոքր սառչի, թե չէ կվառեք դեմքի մաշկը։
Ջրի մեջ ավելացրեք մի քանի կաթիլ եթերայուղ․ թեյածառի եթերայուղ ակնեի հակված մաշկի համար, լավանդայի յուղ՝ յուղոտ մաշկի համար կամ վարդի յուղ՝ չոր մաշկի համար։
Դեմքը կռացրեք գոլորշու վրա, և գլխին սրբիչ գցեք՝ եզրերով փակելով թասը։
Գոլորշիով պրոցեդուրայից հետո կարող եք կավային դիմակ դնել այնուհետև խոնավեցնել մաշկը։
Պատրաստում ենք խոնավեցնող սկրաբ ձեքերի համար․ 1 թեյի գդալ ձիթապտղի յուղ, 1 թեյի գդալ շաքարավազ և մեկական գդալ նուշի և խաղողի կորիզի յուղ։
Շրջանաձև շարժումներով քսեք ձեռքերին, մերսեք և թողեք մի քանի րոպե, այնուհետև լվացեք տաք ջրով, չորացրեք և խոնավեցնող քսուք քսեք։
Փայլուն, առողջ մազերի համար քիմիական միջոցներն ու հատուկ շամպունները պարտադիր պայման չեն։ Որպես բնական կոնդիցիոներ օգտագործեք ավոկադո։ Հասած ավոկադոն տրորեք և քսեք գլխամաշկին և մազերի ողջ երկայնքով։
Աչքերի շուրջ մաշկի խնամքը ամենակարևորներից մեկն է․ Աչքերի շուրջ մաշկը ամենանուրբն է, և հատուկ խնամքի կարիք ունի։
Ուռած, չոր, գրգռված և մգացած մաշկի համար օգտագործեք երիցուկի թեյի պարկիկները՝ տաք ջրով թրջած։
Կարտոֆիլի շերտերը կամ վարունգի շերտերը մեկ այլ հրաշալի միջոց են։
Երիցուկի թեյի պարկերը կամ կարտոֆիլի շերտերը կարող եք աչքերին դնել, երբ պառկած եք լոգարանի մեջ (Մոմերն ու երաժշտությունը չեք մոռացել, չէ՞)։
Դե ինչ, սրանք այն հիմնական պրոցեդուրաներն են, որոնք հենց այսօր պետք են ձեր մարմնին։ Դուք իհարկե, կարող եք փոփոխել հերթականաությունը, իմպրովիզներ անել, ավելացնել տարբեր քսուքներ և ձեր սիրելի խնամքի միջոցները։
հեղինակ՝
Լիլիթ Ներսիսյան
Թվային մարքեթինգի մասնագետ