Կերատինային հարթեցումը ամենաշատ քննարկվող պրոցեդուրաներից է և մենք որոշել ենք անդրադառնալ վերջինիս և գտնել հաճախ տրվող հարցերի պատասխաններ։
Julieta Mikayelyan
փտր 16, 2022 · 4 րոպե
Առաջին հերթին այն մազերի հարթեցումն է՝ երկար ժամանակով։ Այն հաճախ անվանում են նաև բրազիլական հարթեցում։ Լավ լվացված և չորացված մազերին քսում են լուծույթ, որը պարունակում է հեղուկ կերատին և ֆորմալդեհիդ։ Վերջինիս բաղադրությունը լուծույթի մեջ չպետք է գերազանցի 2%-ը, քանի որ այն դասվում է տոքսիկ նյութերի շարքին։
Սովորաբար այս պրոցեդուրան տևում է մոտավորապես 2 ժամ։ Ժամանակը պայմանավորված է նաև մազերի խտությունից և երկարությունից, ինչպես նաև օգտագործվող նյութի որակից և, իհարկե, մասնագետի պրոֆեսիոնալիզմից։
Կերատինային հարթեցման լավ և վատ կողմերը։
Ճիշտ է սկսել դրական կողմերից։ Կերատինից հետո մազերը իսկապես դառնում են հարթ և հաճելի։ Ծանծաղ մազերը ստանում են փայլ և ճիշտ խնամքի դեպքում այդ էֆֆեկտը կարող է պահպանվել ընդհուպ մինչև 3-4 ամիս😇
Ինչ վերաբերում է թերի կողմերին, դրանք իհարկե քիչ չեն։ Հիմնական թշնամին ֆորմալդեհիդը ջրի հետ միաձուլվող տարրն է։ Տաքացման արդյունքում այս միացությունն արտադրում է վնասակար գազեր, որոնք շնչուղիներ անցնելու դեպքում կարող են կուտակվել օրգանիզմում և թունավորել։ Այս նյութը այդքան վնասակար չէ հաճախորդի համար, որքան՝ մասնագետի, ով անընդհատ կատարում է այս գործընթացը 🪄
Լինում են դեպքեր, երբ առաջարկում են կերատինային հարթեցում, առանց ֆորմալդեհիդի պարունակության։ Սակայն, ամենայն հավանականությամբ, կերատինի մեջ առկա է լինում վերջինիս բաղադրությունը։ Այս է պատճառը, որ կերատինը ցանկալի չէ անել հղիության շրջանում❗
Որոշ կանանց մոտ կա այն մտայնությունը, որ կետատինը վերականգնում է մազերը։ Սա խաբկանք է։ Բարձր ջերմային ներգործությունից այն կարող է նույնիսկ վնասվել։ Պրոցեդուրան հաճախ կրկնելուց հետո կարող եք նկատել, թե ինչպես են մազերը դառնում փխրուն և անառողջ։
Անդրադառնանք նաև կերատինային հարթեցմանը կարճ մազերի դեպքում։
Լավ կողմերից մեկն այն է, որ կարճ մազերին քիչ նյութ է անհրաժեշտ լինում։ Սա նշանակում է, որ վնասակար ազդեցությունը կարող է քիչ լինել, ինչպես նաև զգալիորեն կնվազի պրոցեդուրայի արժեքը։
Հաջորդը՝ կարճ կտրվածքները պահանջում են ամենօրյա հարդարում և կերատինային հարթեցում անելու դեպքում դուք կխնայեք ձեր ժամանակը և մշտապես կունենանք խնամված մազեր։
Եթե դուք, այնուամենայնիվ, որոշել եք անել կերատինային հարթեցում, առաջին հերթին պետք է համոզվեք, որ չունեք ալերգիկ ռեակցիաներ նյութի բաղադրության մեջ մտնող տարրեից։ Նախքան պրոցեդուրային անցնելը խորհուրդ է տրվում փորձել մաշկի փոքր հատվածքի վրա և հետևել ռեակցիաներին։ Միայն համոզված լինելուց հետո, որ ալերգետիկ ռեակցիաներ չեն լինի, կարելի է սկսել գործընթացը🧪
Իրազեկված լինելը, թե ինչպես է արվում կերատինային հարթեցումը, կօգնի ձեզ ընտրել ճիշտ մասնագետ և վստահել մազերի, ինչպես նաև ձեր ընդհանուր առողջության հետ կապված այս պրոցեդուրան, իսկական պրոֆեսիոնալներին։
🟢 Մազերը պետք է լվացվեն հատուկ շամպունով, որը նախատեսված է խորքային մաքրման համար։ Այն ոչ միայն մաքրում է մազերը, այլ փիլինգի ազդեցություն է թողնում գլխամաշկի վրա՝ հեռացնելով մահացած բջիջները։
🟢 Մազերը չորացնում են և զուգահեռաբար սանրում, որպեսզի ուղիղ լինեն բոլոր փնջերը։ Չորացված մազերին քսում են կերատինային զանգվածը։ Այն կարող են քսել թե վրձնով, և թե ցողել մազերին։ Այս գործընթացը պետք է արվի մաքսիմալ ուշադիր, որպեսզի նյութը տարածվի մազերի բոլոր հատվածներին։ Սա կարևոր է նաև, որպեսզի մազերը կարողանան դիմադրել ջերմային ազդեցությանը։
🟢 Այնուհետև մազերը չորացվում են վարսահարդարիչով և պատրաստում են արդուկով մշակման։ Արդուկի ջերմաստիճանը հասնում է 230-ի։ Վերջում կրկին լվանում են մազերը կերատինի մնացորդները հեռացնելու համար։ Այս անգամ լվացումն արվում է սովորական շամպունով։ Որից հետո կրկին չորացնում են մազերը։
Շատ բրենդներ առաջարկում են կերատինային հարթեցման պրոդուկտներ տնային պայմաններում կիրառելու համար։ Երբեմն կերատին են պարունակում նաև ներկերը։ Միգուցե գտնվեն կանայք, ովքեր ցանկանան այս պրոցեդուրան անել տնային պայմաններում։ Բայց պետք է հաշվի առնել, որ բացի առողջության համար վտանգավորությունից, դուք կարող եք չստանալ այն արդյունքը, ինչ մասնագետները կապահովեին պրոֆեսիոնալ մոտեցմամբ։
🙅♀️ Կերատինային հարթեցումից հետո դուք ստիպված եք հրաժարվել ձեր սիրելի տնային դիմակներից, քանի որ կերատինը ֆիքսում է մազերը, ծածկում այն, իսկ դիմակները՝ հակառակը, բացում են մազի կուտիկուլան, որպեսզի սնուցեն։
🙅♀️ Կերատինից հետո խորհուրդ չի տրվում օգտագործել տարատեսակ յուղեր։ Դրանք կարող են ծանրացնել մազերը և փչացնել տեսքը։
🌴Կերատինի երկար պահպանվելը կապված է ձեր վարած կենսակերպից։ Օրինակ, խորհուրդ է տրվում պրոցեդուրան անել ճամփորդությունից ոչ թե առաջ, այլ՝ հետո։ Ջրի աղը բացասաբար է ազդում կերատինի վրա։
🧪Շատ կոլորիստներ խորհուրդ են տալիս մազերը ներկել ոչ թե կերատինային հարթեցումից հետո, այլ՝ առաջ։ Այս պրոցեդուրաներն իրենց թողած ազդեցությամբ հակադարձում են միմյանց․ ներկումը բացում է մազի շերտերը, օգնելով պիգմենտին մտնել մազի կառուցվածքի մեջ և փոխել գույնը, իսկ կերատինը փակում է շերտերը և հարթեցնում է մազի կուտիկուլան։ Պետք է հիշել նաև, որ կերատինից հետո մազի տոնը կարող է փոփոխվել և դառնալ գունավորումից մի քանի տոն ավելի բաց։
հեղինակ՝
Julieta Mikayelyan
Բլոգի հեղինակ